ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
07.12.2010 | 00:00

Թուրքիայի Բուրդուր քաղաքում ավարտվեց շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան: Ավարտվեց հայ շախմատիստների փառահեղ հաղթանակով: Մարզիչ ԱՐՍԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ սաները, առաջին փուլից ստանձնելով առաջատարի դերը, մինչև վերջ ոչ մեկին անգամ մոտ չթողեցին` տոնելով հաղթանակ հաղթանակի հետևից: Եվ միայն վերջին փուլում, երբ արդեն ապահովել էին չեմպիոնի տիտղոսը, մեր տղաներն առանց պայքարի արագ ոչ-ոքի խաղացին Թուրքիայի «սպիտակ» թիմի հետ: Պարտիաներում կատարվեց 6-8 քայլ: Դա արվեց ավելորդ ռիսկից խուսափելու և առանձին խաղատախտակների վրա անհատական ոսկե մեդալներն ապահովագրելու համար:
Նշենք, որ նախավերջին փուլում մեր տղաները 3-1 հաշվով առավելության հասան սիրիացի հասակակիցների նկատմամբ և անհասանելի դարձան մրցակիցների համար: Հայաստանի հավաքականը վաստակեց 30,5 միավոր: Երկրորդը ճանաչված Հնդկաստանի հավաքականը 3 միավոր պակաս ունի: Երրորդը Ռուսաստանի ընտրանին է, որը նույնպես վաստակել է 27,5 միավոր, սակայն հնդիկներին զիջել է լրացուցիչ գործակցով: Ի դեպ, Հայաստանի ընտրանին օլիմպիադայից առաջ միջին վարկանիշով զգալիորեն զիջում էր այդ երկու հավաքականներին. Ռուսաստան` 2369, Հնդկաստան` 2363, Հայաստան` 2313:
Գերազանց էին նաև 1-ին, 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա հանդես եկած հայ շախմատիստների ցուցանիշները: Նրանք երեքն էլ արժանացան անհատական ոսկե մեդալների: ԿԱՐԵՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԸ 10 հնարավորից վաստակեց 9 միավոր և իր անհատական վարկանիշը բարելավեց մոտ 45 կետով: Այժմ այն գերազանցում է 2410-ը: ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶ-ՅԱՆԸ, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, առաջինն էր երրորդ խաղատախտակին: Նա ևս զգալիորեն բարելավեց իր վարկանիշը (33 կետով), որն այժմ հավասար է 2320-ի: Չորրորդ խաղատախտակին հավասարը չուներ ԴԱՎԻԹ ՇԱՀԻՆՅԱՆԸ, որն 9 պարտիայում վաստակեց 7,5 միավոր: Նրա վարկանիշն աճեց 13 կետով և այժմ հավասար է 2295-ի: Մեր թիմի երկրորդ համար ՌՈԲԵՐՏ ԱՂԱՍԱՐՅԱՆԸ խաղաց 8 պարտիա և վաստակեց 3,5 միավոր, իսկ պահեստային ՏԻԳՐԱՆ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 3 պարտիայում ցույց տվեց 50-տոկոսանոց արդյունք:
Հիշեցնենք, որ 12 տարի առաջ նույնպիսի հաջողության, կրկին Թուրքիայում, հասել էին այն ժամանակ պատանի Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Վարուժան Հակոբյանը: Ստամբուլում նրանք առաջին անգամ Հայաստանի պատանեկան հավաքականը բարձրացրին շախմատային Օլիմպոսի գագաթ: Այսօր չորսն էլ համաշխարհային մեծության գրոսմայստերներ են: Շնորհավորենք մեր այսօրվա հերոսներին փայլուն նվաճման ու գեղեցիկ խաղի համար և մաղթենք հետագա հաջողություններ արդեն աշխարհի գերհզորների հետ պայքարում:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 22120

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ